Back

"Կորցված, գտնված, թաքցված" վավերագրական ֆիլմի պրեմիերան Երևանում

10.03.2026

Սկևրայի Ավետարանը թավշյա, ոսկեզօծ կազմով

Ս․թ․ Մարտի 5-ին Մատենադարանում տեղի է ունեցել «Սկևռայի Ավետարան»-ի մասին պատմող «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմի հայաստանյան պրեմիերան իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ, Մատենադարանի, Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Մշակույթի Զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով։


«Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմը ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի 5-ամյա հետազոտական աշխատանքի արդյունքն է։
Այն բացահայտում է միջնադարյան հայկական ձեռագրի՝ «Սկևռայի Ավետարան»-ի  զարմանալի ճանապարհը՝ սկսած Կիլիկիայի հայկական թագավորության ափերից մինչև ժամանակակից Լեհաստան։ 
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 
ձեռագրի կորստի և XX դ. վերջին նրա գրեթե պատահական հայտնաբերման, կրկին անհետացման մասին։

«Սկևռայի Ավետարան»-ի ճակատագիրն ինչ-որ չափով ներկայացնում է Լեհաստանի հայկական համայնքի պատմությունը, ինչը ձեռագրի ուղին դարձնում է ավելի 
քան խորհրդանշական։ Ֆիլմի հեղինակները փնտրում ու գտնում են ձեռագրի ճանապարհին հայտնված վկաներին՝ նրանց, ովքեր առանցքային դեր են խաղացել գրքի 
հայտնաբերման և պահպանման գործում, և որոնց կյանքում բացառիկ ձեռագիրն անջնջելի հետք է թողել։


Ֆիլմի պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը, դիվանագիտական կորպուսի և նախարարությունների ներկայացուցիչներ, ֆիլմի ստեղծագործական կազմը և այլոք։
Հատուկ հյուր էր Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, որը հանդես է եկել ֆիլմում։ Նա ընդգծեց, որ զբաղվում է «Սկևռայի Ավետարան»-ի հետազոտմամբ և նրա ճակատագրի պարզաբանմամբ այն ժամանակներից, երբ գիրքը հայտնվել է Լեհաստանում։ 

Միջոցառման ընթացքում հայագիտության զարգացման և Սկևռայի Ավետարանի պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մայնցի Յոհաննես Գուտենբերգի անվան համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Պրինցինգը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մեդալը հանձնել է ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին՝ Գերմանիայում բնակվող պրոֆեսորին փոխանցելու նպատակով:

Ֆիլմը ստեղծվել է հայ-լեհական մշակութային համագործակցության շրջանակում Լեհաստանում գործող „Կաթնեղբայր” հիմնադրամի կողմից՝ Լեհաստանի Ներքին գործերի և վարչակազմի նախարարության, Լեհաստանի Հանրապետության Մշակույթի և Ազգային Ժառանգության նախարարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Մատենադարանի նախկին գիտաշխատող երջանկահիշատակ Վարդան Գրիգորյանն ասել էր՝ «Սկևռայի Ավետարան»-ը 740 տարեկան է, և ոչ ոք չգիտի, թե երբ է այն Սկևռայից դուրս եկել ու երբ է վերադառնալու․․

Լուսանկարներ (10)

{"register":{"columns":[]}}