In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Վարշավայի ճակատամարտ (1920թ.). ներկայիս ազատ Եվրոպայի կարևորագույն տարեդարձերից մեկը

17.08.2020

Premier_Morawiecki

Լեհ-բոլշևիկյան պատերազմը հիմնարար դրվագ էր արդի Լեհաստանի և նշանակալից պահ` ողջ Եվրոպայի համար, թեպետև մարդկության գիտակցության մեջ այն դեռևս բավարար չի արժևորվել. այն երկու միմյանցից տարբերվող քաղաքակրթությունների բախման կետ է: Պատմության մեջ գոյություն ունեն կարևոր դրվագներ, որոնք վճռորոշ են աշխարհի ճակատգրի համար: Լեհաստանի և Եվրոպայի համար նման պահերից է 1920 թվականի օգոստոսի 15-ը: 1918 թվականին նոր վերածնված Լեհաստանը հաստատուն և հաղթական պայքար մղեց բոլշևիկյան զորքերի դեմ, որը նպատակ ուներ տարածել կոմունիստական հեղափոխության կայծն Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով արդեն իսկ մարդկային և նյութական կորուստներ կրած Արևմտյան Եվրոպայում: Ըստ բրիտանացի դիվանագետ Էդգար դ’Աբերնոնի` Վարշավայի ճակատամարտն աշխարհի պատմության մեջ 18-րդ վճռորոշ մարտն էր: Այդ ճակատամարտն արժան է համեմատվելու 1944 թվականի Նորմանդական դեսանտային օպերացիային` որպես Եվրոպայում տոտալիտարիզմի դեմ պայքարի շրջադարձային կետ: Եվրոպայի պատմության համար Վարշավայի ճակատամարտի նշանակությունը համաշխարհային հիշողության մեջ արժանվույն հետք չթողեց Յալթայի գագաթնաժողովի արդյունքում Եվրոպան բաժանած Երկաթե վարագույրի պատճառով: Դա վերաբերում է թե՛ զանգվածային մշակույթին, և թե՛ պատմության դասագրքերին: Ժամանակն է լրացնելու այդ բացը Եվրոպական կոլեկտիվ հիշողության մեջ: Վարշավայի ճակատամարտի տարեդարձը պետք է նշվի ոչ միայն Լեհաստանում, այլև ամբողջ Եվրոպայում, քանի որ Վիսլա գետի ափին հաղթանակ տարավ Լեհաստանը, բայց այդ հաղթանակը գլխավորապես վերաբերում էր կոմունիզմի տոտալիտար խավարումից Եվրոպայի ազգերի ազատատությանը: Պատմական տեսանկյունից 1920 թվականն ամփոփում է դեռևս 18-րդ դարի վերջից Պրուսիայի, Ռուսաստանի և Ավստրիայի կողմից Լեհաստանի մասնատումով սկիզբ դրած իրադարձությունների մի շարք: Վարշավայի ճակատամարտը եվրոպական և համաշխարհային պատմության մեջ ժամանակակից ազգի կառուցմանն ուղղված ուշագրավ դրվագներից է. 18-րդ դարից մինչև I համաշխարհային պատերազմի ավարտը եվրոպական քարտեզից ջնջված, առանց պետականության Լեհաստանը, ռազմական և քաղաքական պարտությունների ավերակների վրա վերակառուցեց իր ազգը: Հիշատակման արժանի առաջին լեհական իրողությունը լեհ հասարակության ֆեոդալական կարգերից մինչև Եվրոպայի ամենաժամանակակից քաղաքացիական հասարակություններից մեկի վերափոխման չափանիշն է` փաստացիորեն որևէ պետական կառույցներ չունենալով հանդերձ: Սոցիալական, մշակութային և սպորտային կառույցների հսկայական հասարակական ցանցեր, ինչպես օրինակ «Սոկոլ» մարմնամարզական միությունը, ֆինանասական միավորումները, գիտական խմբերը, դպրոցական ինքնակրթարանները կարող են համեմատվել միայն Ճապոնիայում հզոր կենտրոնական իշխանության կողմից իրականացված Մեյձիի դարաշրջանի բարեփոխումների հետ: 19-րդ դարի այդ մեծ զանգվածային ժողովրդական շարժումն ընթացավ Լեհաստանն օկուպացնող գերտերությունների դեմ: Սա ապացույց է, որ լեհերը կարողացան դասեր քաղել իրենց սեփական պատմությունից և միավորվել ամենաժամանակակից գաղափարների` պոզիտիվիզմի, ժողովրդավարական բարեփոխումների, կանանց հզորացման և հասարակական զանգվածների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման շուրջ: Եթե հաղթանակ չգրանցվեր Լուսավորության` կրթական, գիտական և հասարարակական մտքի ճակատում, հաղթանակ չէր գրանցի նաև ռազմաճակատում: Լեհական առաջին ժողովրդավարական հեղափոխության այս նշանավոր պատմությունը Եվրոպայում լայն ճանաչում չունի: Ցավոք, քանի որ այս պատմությունը հիմք է հանդիսանում գրականության այնպիսի մարգարիտների, ինչպիսին են, օրինակ, Տոկկվիլի «Ամերիկայում ժողովրդավարության մասին» գիրքը: 1918 թվականին` անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո, Լեհաստանն ընդունեց Արևմտյան աշխարհի հասարակական և ընտրական ամենաարդիական օրենսդրություններից մեկը: Ձեռքբերված ազատության հետ միասնականությունը հաղթեց վերապահումները և հասարակության լայն խմբերի նկատմամբ խտրականություն դրսևորելու գայթակղությունը: Լեհաստանը պետք է կառուցեր ամբողջ ազգի միասնությունն ու համախմբվածությունը: 19-րդ դարի վերջին կատարված մտավոր աշխատանքը պետք է գտներ իր իրավահաջորդին պետականամետ գործունեության մեջ` հենց որ վերականգնվեին հանրային կառույցները 1918 թվականից հետո: Այսպիսով, Լեհաստանի ժողովրդավարության պատմությունը տարբերվում է Արևմտյան Եվրոպայի անցած ճանապարհից: Այն անկախության վերականգնման գործընթացների հետ համատեղ տեղի ունեցող ժողովրդավարության և հասարական ու քաղաքական ինքնուրույն միավորի նշանակություն ունեցող պատմություն է: Այն նաև արդիականության պատմություն է, որի հիմքում ընկած է 19-րդ դարում Եվրոպայում արմատացած իմպերիալիզմի, աբսոլուտիզմի և դեսպոտիզմի դեմ պայքարը: Անկախության ձեռքբերումից երկու տարի չանցած` Լեհաստանը, որպես իր փորձությունների հաղթահարման գագաթնակետ, առերեսվեց բոլշևիկների սպառնալիքին:

Բոլշևիկների հետ պատերազմը լեհ ազգի քաղաքական միասնության հրաշալի արտահայտումն էր: 1920 թվականին հուլիսին ձևավորվեց Ազգային պաշտպանության կառավարությունը, որտեղ վարչապետ նշանակվեց ժողովրդական շարժման առաջնորդ Վինցենտի Վիտոսն, իսկ փոխվարչապետ` Լեհաստանի ձախակողմյան ուժերի ղեկավարներից մեկը` Իգնացի Դաշինսկին: Լեհաստանի բոլոր ճամբարների անկախության վերականգման հայրերի քաղաքական տարբերությունները լիովին հետին պլան մղվեցին` նոր ձեռքբերված հայրենիքի պետականության գոյության պահպանության անհրաժեշտության լույսի ներքո: Լեհաստանի քաղաքական էլիտաները երկրի համար ճգնաժամային ամենակարևոր պահին հանձնեցին հասուն լինելու քննությունը: Կաթոլիկ եկեղեցու ակտիվ ներգրավվածությամբ` Լեհաստանի հանրությունը մասսայականորեն աջակցեց ռազմական շարժմանը: Բոլշևիկյան զորքերը պայքարի մեջ մտան մի ազգի հետ, որը նպատակ չուներ հանձնելու իր` այդքան ծանր պայքարում ձեռքբերված անկախությունը: Լեհ-բոլշևիկյան պայքարի առանցքը դարձավ հենց Վարշավայի ճակատամարտը, որը դեպի Լեհաստանի խորքն առաջ ընթացող բոլշևիկյան ուժերի դեմ խիզախ հակահարված էր` իրագործված հրամանատարներ մարշալ Պիլսուդսկիի, շտաբի պետ Տադեուշ Ռոզվադովսկիի կողմից, ինչպես նաև մարտական գործողությունների այնպիսի հրամանատարների, ինչպիսիք են գեներալ Վլադիսլավ Սիկորսկիի և Էդվարդ Շմիգլի-Ռիձի կողմից: Ֆրանսիացի հանրահայտ ռազմական պատմաբան Հյուբերտ Կամոն Վարշավայի ճակատամարտում լեհերին հաղթանակ բերած շրջափակող մանևրը համարել է Նապոլեոնի մանևրի այդ ժամանակի փայլուն դրսևորում. սեփական զորքերում նվազագույն կորուստներ կրելով`այն ջախջախել է դեպի արևմտյան Եվրոպա մեծ նկրտումներով առաջ ընթացող հզոր բոլշևիկյան բանակը: Լեհ հանրության ռազմական մոբիլիզացումը ապշեցուցիչ էր` հաշվի առնելով, որ Լեհաստանն Առաջին համաշխարհաին պատերազմում ամենաշատ ավերածություններ կրած երկիրն էր: Լեհերի արձագանքը ցնծալի էր, ինչի ապացույցն է գեներալ Հալլերի հրամանատարությամբ կամավորական զորամիավորման ձևավորման գլխապտույտ տեմպը, որի թիվը շատ արագ հասավ 100 հազարի: Զանգվածային լրատվամիջոցները լեհերի հաղթանակն անվանեցին «հրաշք Վիսլայի գետի ափին»` հղում կատարելով Առաջին համաշխարհային պատերազմի Մառնի ճակատամարտին, որտեղ անգլո-ֆրանսիական բանակը պարտության մատնեց գերմանական զորքերին: Լեհ-բոլշևիկյան պատերազմը ոչ միայն հզոր բանակների բախումների, ամբողջ հասարակության հոգեցունց ջանքերի, կամ հրամանատարության ռազմավարական հանճարի արտահայտման մասին է. այն նաև հետախույզների, ծածկագրերի, հզոր ուղեղների և ինտելեկտների աշխատանքի մասին է: Վարշավայի ճակատամարտի գաղտնի պայքարի մեծագույն հերոսներից է Լեհաստանի ռազմական հետախուզության սպա Յան Կովալևսկին, ով ջարդել է խորհրդային ծածկագրերը: Նրա աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ լեհական գործողությունների ռազմավարությունը կազմելու համար նշանակալից տեղեկատվություն ձեռք բերել: Նա մի լուռ հերոս է, ով էական դերակատարում ունեցավ 1920 թվականին Եվրոպայի դեմ ուղղված խորհրդային ագրեսիան կասեցնելու գործում: Ավելին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա Լոնդոնում Լեհաստանի աքսորված կառավարության կողմից իրականացվող «Տրույնուգ» գործողության (operacja Trójnóg` թարգմ.` գործողություն «եռոտանի») կարևոր անդամ էր: Այս գործողությունը նպատակ ուներ նախապատրաստելու դաշնակիցների հարձակումը Բալկանների վրա` Իտալիայի, Ռումինիայի և Հունգարիայի դաշնակցական կապի փոփոխության միջոցով: Ցավոք, Ստալինի ճնշմամբ` Ռուզվելտը հրաժարվեց Բալկանների վրա հատուկ պատրաստականության զորքեր իջեցնելուց` Ուինսթոն Չերչիլի կողմից հրահրված: Եթե պատմությունն այլ ընթացք ստանար, Յան Կովալևսկին կարող էր երկու անգամ փրկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպան խորհրդային տոտալիտար տիրապետությունից: Վարշավայի ճակատամարտի 100-ամյակն արդի ազատ Եվրոպայի կարևորագույն տարեդարձերից է: Լեհերը հետ պահեցին Արևմուտքը տոտալիտարիզմի ցեղասպան մտրակից, որը նկարագրվել է ականավոր ֆրանսիացի պատմաբանների կողմից հանրահայտ «Կոմունիզմի սև գրքում»: Լեհերի կոմունիզմի «համտեսումն» իր ողբերգական և երկարատև հետևանքներով Լեհաստանի և լեհ հասարակության համար հաճախ սխալ է ընկալվում: Հետկոմունիզմի ժառանգությունն իրական խնդիր է, որը խեղաթյուրում է ժողովրդավարությանն անցում կատարած երկրների հասարակական և ինստիտուցիոնալ իրականությունը: Մեծանուն լեհ գրող և Նոբելյան մրցանակի դափնեկիր Վլադիսլավ Ռեյմոնտը Վարշավայի ճակատամարտից հետո գրեց «Ապստամբություն» վեպը (լեհերեն`Bunt), որն այլաբանորեն ներկայացնում է կենդանիների կողմից մարդու դեմ բարձրացված ապստամբությունը, և դրան զուգահեռ նա պատկերում է տոտալիտար մեխանիզմները: Վեպը նա գրել է Ջորջ Օրուելի և նրա հանրահռչակ «Անասնաֆերմա» վեպից քսան տարի առաջ: Այդ գիրքը կյանքի կոչվեց, քանի որ լեհերն ունեին կոմունիզմի հետ բախման փորձ` ավելի վաղ, քան Արևմուտքը: Վարշավայի ճակատամարտը դարձավ նաև հանուն ժողովրդավարության գրեթե հիսուն տարի աշխատավոր դասի կողմից մղված հեղափոխության բարձրակետը, որը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի Եվրոպայի արտասովոր և չգրված պատմություններից է: Այն մեծ հայրենասիրության, կրոնական նվիրվածության, ռազմական հանճարեղության և ծածկագրերի նշանակության մասին պատմություն է: Լեհ-բոլշևիկյան պատերազմը, թեպետ չգիտակցված, բայց արդի Լեհաստանի հիմնադրման և ողջ Եվրոպայի շրջադարձային պահն է: Սա երկու տարբեր քաղաքակրթությունների բախման իրական կետն է: Ոչ ոք սա ավելի լավ չէր գիտակցում, քան 1920 թվականին ծնված Կարոլ Վոյտիլան` ավելի ուշ Հռոմի Պապը. «Ծնվելու պահից իմ մեջ կրում եմ մեծ պարտք նրանց հանդեպ, ովքեր այդ ժամանակ զավթողների դեմ պայքարի մեջ մտան և հաղթեցին` սեփական կյանքով վճարելով հաղթանակի համար»: Այդ պարտքը մենք բոլորս ենք կրում: Վարշավայի ճակատամարտի հաղթանակից 100 տարի է անցել, և սա հիանալի առիթ է, որպեսզի հիշեցնենք այդ մասին ինքներս մեզ և ողջ Եվրոպային:

 

 

«Հոդվածը միաժամանակ լույս է տեսնում լեհական «Ամենակարևորի մասին» ամսագրում Ազգային հիշողության Ինստիտուտի հետ համատեղ իրականացվեղ նախագծի շրջանակում»:

 

{"register":{"columns":[]}}